Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ամենուրեք մայդաններ կազմակերպող Արևմուտքը փորձում է մեզ հանել Ռուսաստանի դեմ

Ամենուրեք մայդաններ կազմակերպող Արևմուտքը փորձում է մեզ հանել Ռուսաստանի դեմ
23.01.2015 | 12:21

Լավ իմացեք, Երևանում եվրամայդան չի ստացվի, ոչ թե նրա համար, որ ժողովուրդը գոհ է իր կառավարողներից և նրանց հեռացումը չի ցանկանում, այլ այն պատճառով, որ Ռուսաստանի դեմ ուղղված եվրամայդան չի լինելու: Բազմիցս եմ ասել, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, թեկուզ մեր լավը չուզող բարեկամը, և դա Ռուսաստանի կառավարողները միշտ են ցույց տվել և այսօր էլ հակահայկական թաքուն այդ վիրուսն իր մեջ կրում է նաև այդ կայսրության նախագահը: Դա ինձ համար հասկանալի է: Ռուսաստանը պատմության մեջ միշտ եղել է մենակ, և այդ մենակության գոյությունը միշտ ապահովել է նրա հզոր ռազմական ուժը: Բայց իրական կյանքում, ռազմական ուժից բացի, պետությանը գործընկեր է պետք: Հենց այդ ռեալ գործընկերն է, որ միշտ պակասել է Ռուսաստանին: Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը վտանգավոր հարուստ է, և բոլորի աչքը նրա անծայրածիր հարստություններին է ուղղված: Այդ անծայրածիր հարստությունները նա նվաճել է և պահելու համար չի կարող դեմոկրատ ու սիրելի լինել: Այդ դեմոկրատ չլինելն է, որ սարսափեցնում է Արևմուտքին, և իզուր չէ, որ ցարական Ռուսաստանը Եվրոպայի ժանդարմ են անվանել: Խորհրդային Միությունը դրական շատ մեծ դեր է խաղացել Արևմուտքը ֆաշիզմից ազատագրելու գործում, և նրա միջազգային իմիջը աշխարհի ժողովուրդների աչքում (Եվրոպայում կատարված դեպքերը` Հունգարիա, Չեխիա, Լեհաստան և այդ դեպքերի դաժան ճնշումը նկատի չունեմ, թեպետ ԽՍՀՄ-ը այլ կերպ չէր էլ կարող վարվել) դրական էր: Ռուսաստանը միշտ կռվի մեջ է եղել իր հարևանների հետ: Շվեդներին մեկընդմիշտ քշել է Մերձբալթիկայից: Երեք անգամ կիսել է Լեհաստանը: Թուրքիային քշել է Ղրիմից, Սև ծովի կովկասյան ափերից, Սուվորովն անցել է Ալպերով, լիակատար տիրապետության էր հասել Բալկաններում, Մոսկվայից հասել է Փարիզ, Բեռլինում տրորել է ֆաշիստական երկգլխանի արծիվը, Կովկասն ամբողջությամբ արել էր իրենով: Եվ այդ բոլորին նա հասել է սվինով:

Ֆրանսիան հեռացել է իր գաղութներից, բայց այսօր Աֆրիկայում ծաղկում է Ֆրանկոֆոնիան: Անգլիան թեպետ այսօր չունի գաղութներ, բայց մեծ է նրա լեզվի դերն ամբողջ աշխարհում: Աշխարհի շատ ժողովուրդների ֆիզիկական գոյության համար արյուն տված ռուս զինվորի հուշարձանները ոչնչացվում են հենց այդ երկրներում: Բուլղարիան մեզ օրինակ: Լեհաստանն այսօր աշխարհի ամենահակառուսական պետությունն է:

Մեկ անգամ չէ, որ աշխարհից մեկուսացված Ռուսաստանը գործընկեր է փնտրում: Եվ ահա այդպիսի կրիտիկական պահերին նրան ձեռք է մեկնում մեր վաղեմի թշնամին` Թուրքիան, որը լավ գիտե, որ իր պանթուրքիստական ծրագրերի իրականացման ամենամեծ թշնամին Ռուսաստանն է: Մենք էլ, ճակատագրի բերումով, լինելով երկու գենետիկորեն իրար թշնամի պետությունների արանքում, մեզ որպես բարեկամ ընտրել ենք խաչապաշտ Ռուսաստանը, որի մեծ շահը երբեք չի համընկել մեր ազգային շահին: Ռուսաստանը կռվել է թուրքի դեմ, մենք միշտ եղել ենք և լինելու ենք, անկախ Ռուսաստանի կառավարողների ստորությունից, նրա կողմում: Ռուս զինվորի` Հայաստանում թափված բոլոր ժամանակների արյան համար հայը հատուցել է Ռուսաստանի ազատության համար հարյուրապատիկ շատ: Ոչ մի բանական ռուս (բանական ռուսի քաղաքականության մեջ համարյա չեմ հանդիպել) չի կարող ժխտել ասածս, թեպետ այդ բանական ռուսները միշտ տրորել են մեր շահը:

ԽՍՀՄ-ը մեկուսացված էր աշխարհից, և նույնպես աշխարհից մեկուսացված Թուրքիան ձեռք մեկնեց նրան: Այդ միասեռականների սիրաբանությունից ծնվեց Կարսի պայմանագիրը: Եվ պայմանագիրը գրպանում Թուրքիան կարճ ժամանակ անց դարձավ Ռուսաստանի ոխերիմ թշնամին: ԽՍՀՄ-ը ստեղծեց արհեստածին Ադրբեջան պետությունը և նրան նվիրեց Ղարաբաղը: Փաստորեն, մեր այսօրվա բոլոր տառապանքների հիմքը 1923 թվականի Կովբյուրոյի որոշումն է: Այսօրվա Ռուսաստանը, նրա նախագահը բարբաջում են մարդու ինքնորոշման իրավունքից, բայց լռում են, երբ այդ իրավունքից արդեն վաղուց օգտվել է Ղարաբաղի ժողովուրդը: Այսօր Ռուսաստանի վիճակը և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես վատ է: Անկեղծ ցավ եմ ապրում դրա համար: Այդ վիճակից ելնելով նա նորից ձեռք է մեկնում Թուրքիային, մեր բոլոր ժամանակների թիվ մեկ թշնամուն: Եվ Թուրքիան, վիրավորված Եվրամիությունից, սիրով կոնկուբինատի մեջ է մտնում Ռուսաստանի հետ: Կարսի պայմանագրի ժամկետը վաղուց է լրացել, թեպետ խորհրդային շատ պաշտոնյաներ բազմիցս են հավաստել Թուրքիային, որ հողային պահանջ չունեն նրանից: 25 տարի ԽՍՀՄ-ը չկա: Կարսի պայմանագիրն այսօր առ ոչինչ է: Ասում եմ` առ ոչինչ, որովհետև աշխարհում ստեղծվել է նոր իրողություն, Ռուսաստանը որևէ իրավասություն չունի այդ հողերի նկատմամբ: Թուրքիան այսօր, ինչպես էն ժամանակ, ակնկալում է Պուտինի խոսքն այդ հարցով: Մինչդեռ այդ հարցով հիմնական խոսքը պատկանում է մեզ, միջազգային իրավունքի սուբյեկտ դարձած Հայաստանին: Կարծես այսօր մենք ունենք բոլոր հիմքերը Ռուսաստանի նկատմամբ մեր հակակրանքը ցույց տալու: Բայց այսօր էլ Ռուսաստանին նվիրված պետություն ենք, ժողովուրդ: Եվ այսօր ամենուրեք մայդաններ կազմակերպող Արևմուտքը փորձում է մեզ հանել Ռուսաստանի դեմ:

Գիտեմ, շատերն ինձ կմեղադրեն, որ այդքան մեղադրանքներից հետո փորձում եմ դարձյալ պաշտպանել ռուսական շահը: Կարճ ասեմ. անկախության տարիների նախօրյակին և բուն սկզբնական տարիներին ոմանք ջանում էին ապացուցել, որ այսօրվա Թուրքիան այլ է և այլն, և այլն: Անցած տարիները ապացուցեցին, որ թուրք կառավարողը նույն արյունարբու մարդագայլն է, որ Էրդողանը ոչնչով չի տարբերվում, ավելին` հոգեպես գուցե և գերազանցում է իր նախնիներին: Այսօր էլ հավատացած եմ, որ անգլիական նավերը հայոց լեռները չեն կարող բարձրանալ: Այսօր ռուսները մեզ ավելի են պետք, ինչպես երբևէ, մենք այսօր ռուսներին ավելի ենք պետք: Մենք նույն շղթայով գոցված ազգեր ենք:

Հիմա դառնամ Գյումրու ողբերգությանը: Որ այն ուղղված է մեր հարաբերություններին` բացարձակապես չեմ կասկածում, և որ կազմակերպողները լավ գիտեն մեր ազգային զգայուն էությունը, անմիջապես պոռթկալու և վճիռ կայացնելու հատկանիշները, դրա համար էլ կազմակերպել են սպանդը: Ինձ այսօր հուզում է Պերմյակովի ողջ մնալու, մինչև դատարան գործն ուղարկվելու հանգամանքը: Որ այդ վիժվածքը նախապես ծրագրված ուղարկվել է Հայաստան, դա կասկածելու տեղիք չի տալիս: Ընդամենը մեկ ամիս էր, որ նա գտնվում էր Հայաստանում, բայց հասցրեց կատարել այդ ծանր ոճրագործությունը: Նա երևի հային լավ էլ չի ճանաչել, այնպես որ ատելության հողի վրա ոչ մի կերպ չի մեկնաբանվում նրա կատարած ոճիրը: Ոճրից հետո նրա արարքն էլ մեկնաբանելի չէ: Այդ ո՞ր հանցագործն է, որ իրենից հետո փորձում է հետքեր թողնել: Իսկ նա` որքան ուզես և դիտավորյալ թողել է: Մեր պոռթկումը ես տեղին եմ համարում, բայց ռուսական հյուպատոսության դեմ ուղղված արարքը` ուղղորդված: Հայաստանը կամ որևէ նորմալ (նկատի չունեմ Մարկովի նման միակողմանի «զարգացած» ապաշնորհներին) ռուս պաշտոնյա, մարդ մի՞թե կարող էր անտարբեր անցնել անմեղ զոհերի կողքով: Ո՛չ, կասեմ միանշանակ: Եթե Պերմյակովը գործել է ուղղորդված և ռազմաբազայից դուրս է եկել զինված, հետևաբար այնտեղ կա հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժ, որն օգնել է Պերմյակովին, որը շահագրգռված է ռուս-հայկական հարաբերությունների վատացմամբ: Ի՜նչ իմանաս, որ դրանք չեն վերացնի Պերմյակովին: ՈՒստի ճիշտ կլիներ, որ մեկուսարանում Պերմյակովի հետագա գտնվելը կատարվեր Հայաստանի անվտանգության մարմինների հսկողության տակ: Վերջապես ռուս ազնիվ մարդկանց էլ հետաքրքրում է այդ արարքի մինչև վերջ բացահայտումը, որովհետև այդ նաև նրանց շահից է բխում: Հետևաբար բոլոր այն դատողությունները, թե հանցագործությունը մինչև վերջ չի բացահայտվելու, զուրկ են որևէ հիմքից:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ